Դիջիթըլ Փոմըգրանեթը փոխըմբռնման հուշագիր է ստորագրում ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ

<<Երկու կողմերը ընդգծում են Հայաստանում տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը, նպատակ ունեն նպաստել Հայաստանում ՏՏ դաշտի առաջընթացին եւ համաձայնվում են համագործակցել` ի նպաստ վերը նշված ոլորտների>>:
Ահա թե ինչպես է սկսվում <<Դիջիթըլ Փոմըգրանեթ>> ՍՊԸ-ի եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջեւ սորագրված փոխըմբռնման հուշագիրը:  Հուշագրի ստորագրումը տեղի ունեցավ ԱրմԹեք համաժողովին` ժամանակ առաջին պանել քննարկումից հետո:
Դիջիթըլ Փոմըգրանեթ ՍՊԸ-ն ներկայացնում էր ընկերության համահիմնադիր Թոդ Ֆաբաքերը, ով հուշագիր փոխանակեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի հետ: Նախքան հուշագրի ստորագրումը պրն Ֆաբաքերը հանդես եկավ ելույթով եւ ներկայացրեց Հայաստանում ծրագրային ապահովում եւ սպասարկում առաջարկող ընկերության հիմնումը Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում,  եւ <<Կառուցի՛ր քո բիզնեսը, կառուցի՛ր Գյումրին>> նախաձեռնության նպատակները:
Ըստ ընկերության հիմնադիրների` իրենք նպատակ ունեն Գյումրիում ստեղծել ՏՏ ոլորտի աշխատատեղեր անվճար ուսուցման, կրթության եւ վիրտուալ շուկայի միջոցով, որն էլ կմիացնի քաղաքի ստեղծագործ միտքը  ամբողջ աշխարհի փոքր բիզնեսների կարիքներին:
Դիջիթըլ Փոմըգրանեթը սփյուռքահայերի նախաձեռնություն է, ովքեր կիսում են Գյումրիին օգնելու եւ տնտեսական զարգացմանը նպաստելու միեւնույն տեսլականը: