Երեւակայության Գավաթ Հայաստան 2013 Եզրափակիչ. եւ Հաղթողն է…

   Մարտ ամսվա համարում iTechnology.am-ը պատմել է իր ընթերցողներին Երեւակայության Գավաթ Հայաստան 2013 մրցույթի մեկնարկի մասին: Կազմակերպիչ ընկերությունների (Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոն, Մայքրոսոֆթի հայաստանյան գրասենյակ, ԱՄՆ միջազգային զարգացման գրասենյակի ՁԶՇՄ ծրագիր ) ներկայացուցիչները մրցույթի հենց սկզբից արտահայտեցին իրենց պատրաստակամությունը` օգնելու մասնակից թիմերին, որպեսզի նրանք արժանի կերպով ներկայանան եզրափակիչ փուլին: Թիմերն ունեին ընդամենը երեք շաբաթ, որպեսզի մշակեին, զարգացնեին եւ պատրաստվեին գաղափարի ներկայացմանն այնպես, որ այն արժանանար ժյուրիի ուշադրությանը:
Թիմերի անդամների, ուսուցիչների եւ խորհրդատուների` այս երեք շաբաթվա կատարած ծանր աշխատանքը պիտի գնահատվեր ապրիլի 12-ին` եզրափակչի շրջանակներում:

Մայքրոսոֆթ Ինովացիոն կենտրոնի տնօրեն Եվա Հյուսյանը ողջույնի խոսքսվ բացեց միջոցառումը` շնորհակալություն հայտնելով բոլորին ներկայության եւ աջակցության համար. <<Շնորհակալ եմ բոլորին, ովքեր խիզախություն ցուցաբերեցին եւ ներդրեցին մեծ էներգիա, ես դա իրոք գնահատում եմ>>:
Այդուհետ թիմերը պետք է սկսեին իրենց ներկայացումները: Ահա մասնակից թիմերի ցանկը:

  1. Revotech թիմ Smart home նախագծով
  2. miXoft թիմ  Paint the music նախագծով
  3. Lionsharp solutions թիմ Voiceboard նախագծով
  4. Letsein թիմ  Smart driveնախագծով
  5. Megamind թիմ “Power talk” մինի չատի համակարգով
  6. Up-and-coming engineers թիմ  Phone trading system նախագծով
  7. Gignut թիմ Forkize նախագծով

Բոլոր նախագծերը նորարարական էին: Արդեն պարզ էր, որ եւ մասնակիցները եւ ուսուցիչները տքնաջան աշխատել էին: Թիմերից մեկը կարող էր գնումներ անել հեռախոսով, մյուսը տանը չլինելով հանդերձ կարող էր անջատել տան բոլոր սարքավորումները, թիմերից մեկն էլ նույնիսկ նկարում էր երաժշտություն: Բայց, իհարկե, միայն ՄԵԿ ԹԻՄ էր հաղթելու. ահա թե ինչով է կյանքը հետաքրքիր:
Ժյուրիի անդամները քննարկում էին նախագծերը, առաջարկություններ անում եւ հարցեր ուղղում յուրաքանչյուր թիմի ներկայացումից հետո: Նրանք ուզում էին ավելի լավ հասկանալ գաղափարի էությունը ճիշտ որոշում կայացնելու եւ ՀԱՂԹՈՂԻՆ ընտրելու համար:

Կարճ եւ միաժամանակ երկար ու տանջալի ընդմիջումը հաջորդեց ներկայացումների փուլին: Ժյուրիին ժամանակ տրվեց ընտրություն կատարելու, իսկ թիմերին` տանջվելու եւ գուշակելու հաղթողին:
Ընդմիջման ընթացքում iTechnology.am-ը զրուցեց Lionsharp Solutions թիմի հետ` անդամների սպասելիքները ճշտելու նպատակով. <<Մենք մասնակցում ենք հաղթելու ակնկալիքով: Մարդիկ ասում են, որ մասնակցությունը նույնպես հաղթանակ է, սակայն մեր թիմի համար դա բավական չէ: Ամեն դեպքում, եթե մենք չհաղթենք, աջակցելու ենք հաղթողին, որպեսզի լավ ներկայացնի մեր երկիրը արտասահմանում>>:
Վերջապես տանջող ընդմիջումն ավարտվեց:
Ջոն Հեֆֆերնը` Հայաստանում ԱՄՆ դեսպանը, ներկա էր միջոցառման մրցանակաբաշխության արարողությանը: Նա ողջունեց բոլոր մասնակից թիմերին, զրուցեց յուրաքանչյուրի հետ եւ շնորհավորեց մասնակցության առիթով:
Այսպիսով ժամանակն էր իմանալու ՀԱՂԹՈՂ թիմի անունը: Հաղթող ճանաչվեց LIONSHARP SOLUTIONS թիմը VOICEBOARD նախագծով:

Voiceboard-ը Kinect տեխնոլոգիաների հենքով մշակված լուծում է, որը ընկալում եւ հասկանում է ձայնային եւ ժեստային հրահանգներ: Այն թույլ է տալիս վարել քննարկումները, ներկայացումները, <<մտքային գրոհները>>` գրանցելով մտքերը: Այն օգտագործելիս բնավ էլ պետք է չէ գրել կամ նշումներ անել: Գրատախտակը գրանցում է ամեն ինչ ձեր փոխարեն:
Այստեղ պիտի ավելացնենք, որ թիմը արդեն ստացել է իրենց առաջին ֆինանսական աջակցությունը բուլղարական Eleven վենչուրային հիմնադրամի կողմից: Այս աջակցության շնորհիվ թիմը հիմնել է ընկերություն եւ գործում է որպես ծրագրային լուծումներ ապահովող ընկերություն:
Ըստ Եվա Հյուսյանի` թիմը պատրաստ է ներկայացնելու Հայաստանը միջազգային ասպարեզում: Նա նշեց, որ թիմն ունի մեծ էնէրգիա եւ ներուժ միջազգային եզրափակչին լավագույն թիմերի ցուցակում հայտնվելու համար:
Հուլիսին թիմը կներկայացնի Հայաստանը Երեւակայության Գավաթի միջազգային եզրափակչին, որը տեղի կունենա Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում:
Այստեղ արդեն պետք է միայն շնորհավորել Lionsharp Solutions թիմին: iTechnology.am-ը ակնկալում է ունենալ միայն ու միայն հրաշալի նորություններ հուլիսի եզրափակչից հետո իր ընթերցողներին պատմելու համար: